Անապատի Օրագրից
Հմուտ էր դահիճը.
Լավ էր մտածել, շատ էր փորձարկել, անվերջ երազել,
Թե ինչպես է պետք վերջ դնել կյանքի այնպես, որ մինչեւ հոգին մարմինը լքի, անվերջ գալարվի,
Որ մինչեւ մարմինն իր վերջին շունչը փչի, ապրած կյանքի ամեն մեկ պահի շունչը անիծի,
Որ մինչեւ աչքին երեւացող վերջին պատկերը խամրի, անվերջ անիծի իրեն ծնողին:
Շատ էր լսել նա աղերսող ճիչեր, շատ էր տեսել նա սովահար դեմքեր
Ուզում էր տեսնել ինչպես են մեռնում,երբ նրանց բաժին հացը հենց ինքն էր կրծում,
Ուզում էր տեսնել տապից ինչպես են խեղդվում, երբ նրանց բաժին ջուրը հենց ինքն էր խմում,
Ուզում էր տեսնել ինչպես են մայրերը խելագար դառնում, երբ մասնատում էր նրանց մանուկներին,
Ուզում էր տեսնել կանանց աչքերում ցավ ու սարսափ, երբ պատռում էր ողջ-ողջ ընկերքը նրանց
Ուզում էր իրեն տղամարդ զգալ,
Երբ բռնաբարում էր կանանց ու աղջիկներին,
Մարդկային կյանքը լոկ խաղ էր դարձել,
Ինչպես ձախ ձեռքի թզբեխը նրա` պատրաստված կանանց պտուկներից:
* * *
Եւ բարձրացնում էր դահիճը կացինն ահարկու` աներեր ձեռքով
Սեւ քողն էր ծածկել երեսը նրա` աչքերի փայլը թաքցնելու համար
Բարձրացնում էր կացինն ու մեկ-մեկ խլում մեկ ու կես միլիոն կյանք
Եւ նրանց արյունը սնում էր հողը, նրանց մարմինը սնում էր երկրին…
Զոհերից մեկը փրկվեց մազապուրծ եւ պատմեց ողջ աշխարհին
Իր տեսածները դժոխային այդ անապատում,
Մինչ դահիճը նրան դատապարտել էր սովի, սնվում էր նա իր բախտակիցների մարմնի մսով
Եւ հագեցնում ծարավը նրանց արյան անծայրածիր ծովից:
Ու չկարողացավ ընդունել դահճի որդին, որ իր հայրը արյունռուշտ էր եղել
Եւ ստախոս պիտակեց զոհին, ով մինչեւ կյանքի վերջին իսկ օրը
Վեր էր ցատկում իր խորը քնից եւ շնչակտուր սկսում աղոթել,
Որ իր զավակը երբեք այդքան անգութ չդառնա
Եւ որ այնքան ապրի այս պատմությունը եւ այնքան հոլովեն դահճի անունը,
Որ նրա հոգին հանգիստ չգտնի մինչեւ այն օրը,
Երբ նա վերջապես դադարի հերքել եւ բարձրաձայն ներում աղերսի…
—Հեղինար Մելքոմ Մելքոմյան
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!