Ամենաանմոռանալին և տպավորիչը Արցախի երեխաներն էն
Ամեն անգամ Արցախ գալիս գիտենք, որ մեզ նոր և ուսումնալից փորձառություններ են սպասվում: Թարմ տեղեկություններ հայրենիքի մասին և նոր, պայծառ հուշեր: Այս ամառ առավել ևս հետաքրքիր և հիշարժան էր լինելու, քանի որ մասնակցելու էինք Արևմտյան Ամերիկայի կազմակերպած պատանեկան ճամբարին:
Մենք շատ անգամներ էինք եղել Հայաստանում, բայց առաջին անգամ էր, որ պետք է մասնակցեինք այս աշխատանքին: Չգիտեինք ի՞նչպիսի ճամբար է լինելու և ո՞ւմ հետ ենք աշխատելու: Խմբի վարիչներին չէինք ճանաչում, իսկ նրանք արդեն ճամբարներ էին իրականացրել Գյումրիում, Ասկերանում և Պռոշյանում: Այս ամենը մեզ քիչ թե շատ անհանգստացնում էր:
Շաբաթ առավոտյան ժամանեցինք Պռոշյան, որպեսզի հանդիպենք մեր խմբին, որի հետ պետք է մեկնեինք Շուշի։ Պռոշյանում երկու խմբերը միասին էին ճամբարը կազմակերպել։ Ծանոթացանք մեր խմբի պատասխանատու ընկեր Արեգի հետ և կամաց–կամաց բոլոր երիտասարդների հետ, ովքեր հերթով ծանր և արկածախնդիր երեկոյից հետո արթնանում էին։
Ընկերների համար ամենահուզիչ հարցերից մեկը Նիդեռլանդների հայ համայնքային կյանքն էր և հատկապես մեր շրջանի Հ.Յ.Դ. երիտասարդական միության դրությունը։ Նիդերլանդների երիտասարդական միությունը շատ է տարբերվում Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունից։ Մեր միությունը շատ փոքր է և նոր։ Այն ունի ընդհամենը 5 տարվա պատմություն և մոտավորապես 20 անդամ։ Հայությունը սփռված է և չկան երիտասարդական կենտրոններ։ Սակայն դա արգելք չի հանդիսանում Հոլանդիայի երիտասարդ դաշնակցականների համար համախմբվելու և հայանպաստ գործունեություն ծավալելու։ Ամերիկայի երիտասարդական միությունը օրինակելի է և ունի տասամյակների փորձ։ Նրանց տարիների փորձը պատճառ դարձավ միանալ այս ծրագրին և սովորել փորձառու ընկերներից։
Երբ այնքան խոսեցինք մեր շրջանի մասին մինչև բոլորն արթնացան ժամանակը եկավ ճանապարվելու դեպի այն սպասված վայրը, որի համար ամիսներ նախապատրաստվել և երազել ենք։ 11 անծանոթ երիտասարդների հետ սկսեցինք մեր ճանապարհը դեպի Շուշի։ Ճանապարհորդությունը դարձավ մեզ համար ամենահետաքրքիր և հիշարժան ճանապարհորդություններից մեկը։ Այդ երիտասարդները շատ կարճ ժամանակում դարձան մեզ մտերիմ։ Նաև գիտակցումն այն իրականության, որ մենք առաջին անգամ իրական հայրենանվեր գործ ենք կատարելու, շատ էր ոգևորել մեզ: Առաջին իսկ պահից մենք մեզ զգացինք մեր հարազատների գրկում, չնայած շատերին առաջին անգամ էինք տեսնում: Հիրավի սա է դաշանակցության մեծությունը, որ գաղափարակից մարդիկ առանց արյունակիցներ լինելու կարող են այդքան հարազատ լինել միմյանց համար: Մենք սովորում էինք ամեն վայրկյան և սովորելով վայելում էինք նաև կյանքը: Շատ կարճ էր ժամանակը, բայց այնքա՜ն մեծ էր ոգևորությունը և խանդավառությունը, որ այս մի քանի օրը վճռորոշ կարող է լինել մեր կյանքում:
Ամենաանմոռանալին և տպավորիչը այնուամենայնիվ Արցախի երեխաներն էին: Մեր հայրենիքի ապագան և մեր հաջողությունների գրավականը: Նրանց ամեն ինչ ասող պայծառ աչքերը այն վառ լույսերն են, որոնք մեզ անպայման կառաջնորդեն դեպի երջանիկ ապագան: Չնայած մենք էինք սովորեցնողի դերում, բայց կարծում ենք, որ մենք ավելի շատ բան սովորեցինք մեր Արցախի երեխաներից:
Այսօր շատ ենք խոսում խոսքից գործի անցնելու կարևորության մասին: Վերջին երկու շաբաթների ընթացքում մենք տեսանք թե ինչպես է հնարավոր դա իրականացնել: Ամերիկայի ընկերների փորձը չափազանց ուսանելի է: Ճիշտ այդպես պետք է գնալով ավելի մեծ ծրագրեր իրականացնենք մինչև մեր ամենամեծ նպատակների և երազանքների կատարումը:
Սիրով Շուշիից՝
Նարինե Հակոբյան,
Ադրինե Մարգարյան,
Սարինե Աբրահամյան
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!