Հնամենի Գիւմրի
Մարկարիթա Հովհանեսյան
Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Գիւմրի. չորս անուններով է ամբողջանում քաղաքի պատմութիւնը, որը սկիզբ է առել դարերի խորքից ու կարծես պատրաստ է հոսել դէպ յաւերժութիւն…
Դեռ 5-րդ դարում Մ. Խորենացի պատմիչը յիշատակել է Էրիախի կոչուոող բանակավայրի մասին, որին յետագայում Կումայրի են անուանել: 18-րդ դարի վերջին Կումայրին վերանուանում են Գիւմրի: Ըստ որոշ աղբիւրների` օտարերկրացիները չեն կարողացել արտասանել Կումայրի բառը եւ աղաւաղելով այն` կոչել են Գիւմրի:
1804-ին Գիւմրին ռուսների տիրապետութեան տակ է անցնում, ինչն էլ ապագայ քաղաքի յետագայ զարգացման գործում դրական ազդեցութիւն է ունենում: Բայց բնակավայրի բուռն ծաղկումը սկսւում է 1828-ից, երբ Արեւմտեան Հայաստանի Կարս, Էրզրում, Կարին, ու Անի քաղաքներից գաղթած մեծ թուով ընտանիքներ այստեղ են հաստատւում: Ձեւաւորւում են առանձնայատուկ աւանդութիւններով եւ օրէնքներով արհեստաւորական համայնքներ:
1837-ին Գիւմրի է այցելում ռուս ցար Նիկոլայ Ա. ը. այնքան է Կումայրին հաւանում, որ որոշում է ի պատիւ կնոջ` Ալեքսանդրա թագուհու, քաղաքն անուանել Ալեքսանդրապոլ: Աշխարհագրական յարմար դիրքի շնորհիւ Ալեքսանդրապոլը վերածւում է բերդ-ամրոցի. ստեղծւում են ռազմական ամրութիւններ, զինուորական աւաններ: 1840-ից Ալեքսանդրապոլը պաշտօնապէս ճանաչւում է որպէս քաղաքային բնակավայր, իսկ երկաթուղու կառուցումից յետոյ արդէն Արեւելեան Հայաստանում դառնում է երկաթուղային կարեւոր հանգոյց, առեւտրական, արհեստաւորական, ռազմաստրատեգիական ու մշակութային կենտրոն:
Քաղաքում մեծ թափով սկսում է զարգանալ արհեստագործութիւնը, որն այստեղ սկիզբ է առել դեռ հնագոյն ժամանակներից. ապացոյցն էլ 1930-ին հազարամեակների վաղեմութեան ձուլարանի յայտնաբերումն է: Ալեքսանդրապոլի ճարտարապետութիւնը առանձնայատկութիւնների շնորհիւ իր վարպետների անունները հռչակել է ամբողջ Կովկասում. Նրանք հեղինակել են այնպիսի կառյցներ, ինչպիսիք են Սբ. Աստուածածանայ եկեղեցին, Սեւ եւ Կարմիր բերդերը, Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, Օրիպրդաց գիմնազիան /այս շէնքում էր Բակային ճամբար 2010-ը:
Անուանի բանաստեղծ Աւետիք Իսահակեանի խօսքերով` Գիւմրու ճարտարապետութեան մէջ կան անթիւ տարրեր, ընդօրինակումներ մեր Անիի մնացորդներից: Ըստ նրա` Գիւմրու վարպետները Անիի վարպետների աշակերտներն են եղել ու մանկուց աչքի առաջ ունենալով փայլուն ճարտարապետութեան օրինակ` տեսածն այս քաղաքում են վերարտադրել. Լաւագոյն ապացոյցն էլ Անիի Կաթողիկէ Մայր եկեղեցու տիպարով գրեթէ քսան տարում /1858-1876/ կառուցուած Գիւմրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցին է:
Հին Գիւմրին համբաւաւոր արհեստաւորներից բացի` յայտնի է եղել նշանաւոր աշուղներով: 19-րդ դարի երկրորդ կէսին Ջիւանու գլխաւորութեամբ ձեւաւորւում է ազգային աշուղական դպրոցը, որին բնորոշ էր հասարակական-սոցիալական թեմաների սրութիւնը, գրական-երաժշտական լեզուի մաքրութիւնը, ուրոյն մտածելակերպը: Սկսած 1870-ական թուականներից քաղաքի հռչակաւոր սրճարանները դարձել են աշուղական երգ ու նուագի իւրայատուկ կենտրոններ: Գիւմրեցի մեծանուն աշուղներին հաճախ հրաւիրել են Երեւան, Թիֆլիս, Պաքու, Աստրախան եւ այլուր;
Հայաստանի խորհրդայնացման արդիւնքում` 1924-ից Ալեքսանդրապոլը վերանուանւում է Լենինական: Նաեւ Սովետական Հայաստանի օրոք Լենինականն իր զարգացուածութեամբ ու հզօրութեամբ Երեւանից յետոյ երկրորդն էր; Սակայն շուտով ամէն ինչ գլխիվայր է շրջում 1988-ի ահեղ երկրաշարժը: Երբեմնի հզօր քաղաքի մէջքն այլեւս կոտրւում է. հողին է հաւասարւում կանգուն ամէն բան` այլեւս պատմութեան գիրկն է անցնում Լենինականի վաղեմի փառքը: Քաղաքը Գիւմրի է վերանուանւում 1991-ից` Խորհրդային կարգերի փլուզումից յետոյ:
Եւ հիմա էլ ժամանակի հռչակաւոր քաղաքի մասին յիշեցնում են լոկ կիսաւեր շինութիւններն ու հարուստ պատմութիւնը. Կումայրին, Ալեքսանդրապոլը, Լենինականն այլեւս ուրուականներ են…
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!